Հայկական Հարց
Ներածություն։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ:
Հայ ժողովրդի քաղաքական պատմության,
օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության
վերականգման, հայ ժողովրդի
համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի
ամբողջություն է։ Հայկական հարցը,
որի առաջացումը պայմանավորված էր հայկական պետականության անկումով, դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ
մասը, կարևոր տեղ
գրավել միջազգային հարաբերություններում,
մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ, Օսմանյան կայսրությունում ազդեցության
ոլորտների և նրա տիրույթների բաժանման համար նրանց պայքարում: Հայկական հարց տերմինը միջազգային դիվանագիտության մեջ սկսվել
է գործածվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:
Հայկական հարցը1877
թ-ի ապրիլին սկսված
ռուս-թուրքական պատերազմի
ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին
անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության
պաշտոնական անվանումը)
պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև
հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր:
Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց
հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից,
իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել
բարեփոխումների մասին:
Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը:
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը
մեծ տերությունների քաղաքականության մեջ,
որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության
հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:
1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները
օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան,
Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների
շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց
Մայիսյան: Չնայած սուլթանական
կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը,
բայց չիրագործեց:
Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո
կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի
ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:
1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ
կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ
իրականացնել Արևմտյան Հայաստանում,
սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:Երիտթուրքերը,
պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին
տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին
զրկվեց բնիկ ազգաբնակչությունից,
Կիլիկիան հայաթափվեց:
Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը
հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին
Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:
1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝
ապրիլի 25-ին ընդունված
որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության
տնօրինությանը: Տեղահանված
և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները:
Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո
Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին,
որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:
Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը
(որոշում), որով ճանաչում էր հայ ժողովրդի
ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում
էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման
իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության
պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ
դեկրետից: Իր հերթին՝
Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան
Արևմտյան Հայաստանի տարածքին:
Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում
(1919–20 թթ.),
որտեղ որոշվեց ԱՄՆ-ին
հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի
լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո
Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը:
1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում (Փարիզի մոտ) պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան
կայսրության սուլթանական կառավարության հետ,
համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի
միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:
Սակայն
Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի
դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը
Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության
դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով
ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու
հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի
գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը
Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ:
Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝
Մոսկվայի, և հոկտեմբերի
13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց
Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը,
որը գործում է մինչև օրս:
1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր
խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես
եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով:
1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական
անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային
օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների
ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից
(1914–18 թթ.)
հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ,
Արևելյան հարցը ստացավ իր լուծումը,
սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված:
Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝
Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից
հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից,
հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու
իր մտադրության մասին.
1945 թ-ի հունիսին Մոսկվայում
տեղի ունեցած խորհրդա-թուրքական
բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց:
Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի,
Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945
թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական
տարածքները վերադարձնելու մտադրությունից,
իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը
հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների
պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները
հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից...»:Մեծ եղեռնի 50-րդ
տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու
և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին
անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:
1960–80-ական թվականներին նկատելիորեն
մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային
տարբեր կազմակերպություններում,
գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական
հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների
հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման
ենթահանձնաժողովի քննարկման առարկա:
1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային
խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ
ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը
և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային
ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն):
ԱՄՆ-ի Սենատում և
Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության
մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան
փաստը մերժելու քաղաքականություն:
1983 թ-ից Հայկական
հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում:
1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական
լուծման մասին» բանաձևը:
1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան
Թուրքիայում հայերի 1915
թվականի ցեղասպանության դատապարտման
մասին» փաստաթուղթը:
Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն
օսմանյան Թուրքիայում,
և այդ գործընթացը շարունակվում է:
Վերջաբան,եզրակացություն։
Հայկական հարցի էությունը և անցյալում,
և հիմա իր հայրենիքում հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային
պայմանների ստեղծումն է։
Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի
հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության
պահպանման, Հայաստանի միավորման
համար:
Իսկ իմ կարծիքով Հայկական հարցը միշտ մնալու է, քանի որ հզոր պետությունները երբեք էլ չեն թողնի,որ այդ հարցը լուծվի ու մեր Հայստանի
նման պետությունը հզորանա։Վերջին դեպքերը եթե նայենք՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կարող ենք հասկանալ, որ եթե Ռուսաստանը հիմա ուզենա
ենց մեր միջոցով կլուծի թուրքի հարցերը՝ Հայկական հարցի անվան տակ։ Ներքևում մի տեզանյութ
է, որտեղ Ժիրինովսկին հենց դրա մասին
է խոսում։
Աղբյուրներ։
http://youtu.be/qSXHsPnbQHY
http://youtu.be/qSXHsPnbQHY
Комментариев нет:
Отправить комментарий