суббота, 30 января 2016 г.

Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը: Այն ընտանիք է՝ բաղկացած 10 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ:
Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային մարմիններին: 10 մոլորակներն են Մերկուրին (Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը, Մարսը (Հրատ), Յուպիտերը (Լուսնթագ), Սատուռնը (Երևակ), Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և 10-րդը: Մոլորակներն աստղերից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են Արեգակի լույսը:
Մոլորակներ
Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուռնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր:
Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուռնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:
Մոլորակների ուղեծրերը
Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են որոշակի ուղեծրերով: Դրանք շրջանագծեր չեն, այլ ունեն ձգված, ձվաձև տեսք, որը կոչվում է էլիպս: Երբ մոլորակը շարժվում է էլիպսաձև ուղեծրով, նրանից մինչև Արեգակը եղած հեռավորությունն անընդհատ փոխվում է: Մոլորակների մեծ մասի համար այդ փոփոխություններն աննշան են, միայն Պլուտոնից մինչև Արեգակ եղած հեռավորությունն է փոփոխվում էականորեն՝ 30–50 աստղագիտական միավոր (դա Երկրից մինչև Արեգակ եղած միջին հեռավորությունն է` 1,5.108 կմ): Չնայած ժամանակի մեծ մասը Պլուտոնն Արեգակից ավելի հեռու է գտնվում, քան Նեպտունը, Պլուտոնի ուղեծրի ոչ մեծ մի հատված անցնում է Նեպտունի ուղեծրի ներսով:
Բացառությամբ Պլուտոնի՝ մյուս մոլորակների ուղեծրերը գտնվում են մոտավորապես նույն հարթության վրա, այնպես որ Արեգակնային համակարգը նման է հարթ սկավառակի: Պլուտոնի ուղեծիրը թեքված է 170-ով, և երբ այդ մոլորակը հատում է Նեպտունի ուղեծիրը, նրա ուղին անցնում է Նեպտունի վերևով, բայց այդ երկու մոլորակները չեն բախվում իրար: Տիեզերական ձգողության ուժն այնպես է գործում, որ որքան մոլորակը հեռու է Արեգակից, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի մոլորակն Արեգակի շուրջը լրիվ պտույտ կատարի: Երկիրն այդ պտույտը կատարում է 1 տարում, Մերկուրին՝ 88 օրում, իսկ Պլուտոնը՝ 248 տարում: Մարսի վրա տարին տևում է գրեթե 2 անգամ ավելի երկար, քան Երկրի վրա: Մոլորակների չափերի հետ համեմատած՝ նրանց միջև եղած հեռավորությունները հսկայական են: Համեմատության համար պատկերացնենք, որ եթե Արեգակը լիներ ֆուտբոլի գնդակի չափ, ապա Երկիրը կլիներ ընդամենը կետի չափ և 30 մ հեռու կգտնվեր գնդակ-Արեգակից:
Մոլորակների` Արեգակից ունեցած միջին հեռավորությունները և Արեգակի շուրջը նրանց պտտման պարբերությունները
Բոլոր մոլորակներից Երկրին ավելի շատ մոտենում է Վեներան: Այն երեկոյան կարելի է տեսնել երկնքի արևմտյան, իսկ առավոտյան՝ արևելյան մասերում, եթե այնտեղ փնտրեք ամենավառ օբյեկտը:
Արբանյակներ
Արեգակնային համակարգի մոլորակներից 7-ն ունեն իրենց շուրջը պտտվող «լուսիններ»՝ բնական արբանյակներ: Արեգակնային համակարգի մոլորակների ներկայումս հայտնի արբանյակների թիվն անցնում է 60-ից: Դրանցից զանգվածով ամենամեծերը Յուպիտերի 4 մեծ արբանյակներն են, Տիտանը՝ Սատուռնի արբանյակներից մեկը, և Լուսինը: Յուպիտերի 4 արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Հանիմեդը և Կալիստոն, հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը: Մեկ մեծ արբանյակ էլ՝ Տրիտոնը, պտտվում է Նեպտունի շուրջը: Մարսն ունի 2 փոքր արբանյակներ՝ Ֆոբոսն (Ահ) ու Դեյմոսը (Սարսափ):
Աստղակերպներ և գիսավորներ
Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև եղած տիեզերական տարածությունում Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր քարաբեկորներ: Դրանք այսպես կոչված փոքր մոլորակները կամ աստղակերպներն են, որոնց թիվն անցնում է 40 հազարից: Ամենամեծ աստղակերպը 940 կմ տրամագծով Ցերերան է: Աստղակերպների մեծ մասը շատ ավելի փոքր է Ցերերայից, և միայն դրանցից 200-ի տրամագիծն է գերազանցում 100 կմ-ը: Ցերերան գնդաձև է, սակայն աստղակերպները սովորաբար անկանոն ձև ունեն: Ամենայն հավանականությամբ, դրանք հիմնականում նման են ամբողջապես խառնարաններով պատված, կարտոֆիլանման Գասպրա և Իդա աստղակերպներին, որոնց պատկերները ստացվել են «Գալիլեյ» տիեզերական սարքից 1991 և 1993 թթ-ին:
Մեզ հայտնի աստղակերպներից ամենափոքրի («1991BA») տրամագիծն ընդամենը 9 մ է:
Վերջերս աստղագետները Նեպտունի և Պլուտոնի ուղեծրերից այն կողմ նույնպես հայտնաբերել են աստղակերպներ: Հավանաբար դրանք սառցե երկնային մարմիններից կազմված Կոյպերայի գոտի կոչվող սառցե հսկա օղակի մի մասն են:
Նոր հայտնաբերված աստղակերպներին տալիս են հայտնաբերման տարեթիվը ցույց տվող անվանում: Օրինակ՝ «2010AA» անվանումը կտրվի այն աստղակերպին, որը կհայտնաբերվի 2010 թ-ի հունվարի առաջին կեսին: Այնուհետև, հաշվելով ուղեծիրը, աստղակերպին տալիս են համար և անվանում. օրինակ՝ աստղակերպ դ 3200, անվանումը՝ Ֆաետոն:
Գիսավորները Արեգակնային համակարգում սլացող, սառույցից, փոշուց և քարերից կազմված մեծաբեկորներ են: Սովորաբար գիսավորներն Արեգակի շուրջը պտտվում են խիստ ձգված էլիպսաձև ուղեծրերով: Որոշ գիսավորներ Արեգակնային համակարգ են գալիս Կոյպերայի գոտուց: Աստղագետները ենթադրում են, որ գիսավորները կարող են գալ նաև սառցե երկնային մարմիններից կազմված Օորտի ամպ կոչվող վիթխարի ամպից: Վերջինս թաղանթի նման շրջապատում է Արեգակնային համակարգը և գտնվում է մոտավորապես 1 լուսատարի (մոտ 9,6 . 1012 կմ) հեռավորության վրա: Ամենահաճախ հանդիպող և հայտնի գիսավորը ձեզ ծանոթ Հալլեյի գիսավորն է, որի պտտման հաճախականությունը 75 տարի է:
Արեգակնային համակարգի առաջացումը
Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված կենտրոնական գունդ: Շարունակվող ինքնասեղմման արդյունքում կենտրոնական գունդն ավելի ու ավելի է տաքացել և, ի վերջո, այն բռնկվել է և  աստղի նման սկսել է լուսարձակել ու վերածվել է Արեգակի:
Նույն կերպ են առաջացել նաև մոլորակները. նրանց կենտրոնական գունդը շրջապատող գազի ու փոշու շերտերում փոշու մանրիկ մասնիկները, իրար բախվելով, սկսել են կպչել միմյանց՝ առաջացնելով քարե, սառցե կամ գազային մարմիններ: Ձգողության ուժի ազդեցությամբ այդ մոլորակների մի մասի (ներքին մոլորակներ` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս) միջուկները նախապես հալվել, միավորվել, ապա աստիճանական սառեցմամբ պատվել են հաստ կեղևով: Իսկ նրանցից անջատված գազերի հաշվին ձևավորվել է գազային մթնոլորտը: Մոլորակների մյուս խումբը (արտաքին մոլորակներ` Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն) հսկայական գազային զանգվածներ են: Իսկ Պլուտոնը դարձյալ պինդ երկնային մարմին է` չափերով մեծությամբ գրեթե համաչափելի իր Քարոն արբանյակի հետ:
Իսկ բազմաթիվ մեծաբեկորներ, անջատվելով մնացած նյութից, բախվել են նոր առաջացած մոլորակներին կամ արբանյակներին, քայքայել են դրանց մակերևույթները և առաջացրել բազմաթիվ խառնարաններ: Տիեզերքում մնացած մյուս մեծաբեկորները աստղակերպներն ու գիսավորներն են, որոնք մենք դիտում ենք նաև մեր ժամանակներում:
Untitled1Երկիր;
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 149,6 մլն կմ
Արեգակի շուրջը շարժման միջին արագությունը` 29,8 կմ/վ
Հասարակածի երկարութունը՝ 40.075,7 կմ
Հասարակածային շառավիղը՝ 6.378,16 կմ
Բևեռային շառավիղը՝ 6.356,77 կմ
Միջին շառավիղը՝ 6.371,03 կմ
Ընդհանուր մակերեսը՝ 510 մլն կմ2
Ցամաքի ընդհանուր մակերեսը՝ 149 մլն կմ2 (29%)
Ջրածածկ մակերևույթի ընդհանուր մակերեսը՝ 361 մլն կմ2 (71%)
Զանգվածը՝ 5,974×1024 կգ
Ծավալը՝ 1,083×1012 կմ3
Առավելագույն բարձրությունը՝ Ջոմոլունգմա՝ 8.848 մ
Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝ Մարիանյան իջվածք՝ 11.022 մ
Տարիքը՝ 4,6 մլրդ տարի
Երկիրը Արեգակնային համակարգի մոլորակներից մեկն է, Արեգակից հեռավորությամբ՝ երրորդը, իսկ չափերով ու զանգվածով՝ հինգերորդը: Այն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է 1 լրիվ պտույտ, կոչվում է տարի, իսկ իր առանցքի շուրջը 1 լրիվ պտույտ կատարելու ժամանակահատվածը՝ օր: Տարին ունի 365 ու 1/4 օր, իսկ օրը՝ 23ժ 56ր 04վ:
Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ: Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռած, այնպես որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից: Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավախելը` երբ նավն ավելի է մոտենում ափին:
Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը: Նրա շուրջը ներկայումս պտտվում են նաև բազմաթիվ արհեստական արբանյակներ:
Երկրի արտաքին կարծր թաղանթը կոչվում է երկրակեղև: Նրա հաստությունը ցամաքում 30–70 կմ է, օվկիանոսների հատակին՝ 5–10 կմ: Երկրակեղևի տակ` մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է միջնապատյանը, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է: Որքան ավելի խորն են դասավորված ապարները, նրանք այնքան ավելի ամուր են ու տաք: Գիտնականները ենթադրում են, որ միջնապատյանը կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից:
Երկրակեղևը և վերին միջնապատյանը միասին կոչվում են քարոլորտ: Իսկ օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերն ու ստորերկրյա ջրերն առաջացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը:
Երկրի օդային թաղանթը կոչվում է մթնոլորտ: Այն կազմված է հիմնականում ազոտից (78%) և թթվածնից (21%):
Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը: Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է միլիարդավոր տարիների զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի հետևանքով: Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում: Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին մարդու սնունդն են: Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնվելու, լրացնելու իր իսկ վերցրածը:
Գիտնականները ենթադրում են, որ Արեգակը, ինչպես նաև մյուս աստղերն առաջացել են 5 մլրդ տարի առաջ՝ շիկացած գազից ու տիեզերական փոշուց բաղկացած և կենտրոնաձիգ խտացում ունեցող միգամածությունից: Իսկ Արեգակի շուրջը պտտվող գազափոշու ամպերից աստիճանաբար առանձնացվել են խտացման կորիզներ, ու դրանցից ժամանակի ընթացքում ձևավորվել են Արեգակնային համակարգի մոլորակները: Երկիրն իր առաջացման սկզբնական փուլում եղել է հրահեղուկ գունդ, որի մակերեվույթին ջերմաստիճանը հասել է 40000C-ի: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ հրահեղուկ գունդը սառել է, և մակերևույթին առաջացել է պինդ երկրակեղևը, իսկ շրջապատի ջրային գոլորշիները խտացել ու անձրևի տեսքով թափվել են Երկրի վրա: Սկզբնական փուլում Երկրի մթնոլորտը բոլորովին այլ կազմություն է ունեցել. նրանում բացակայել է թթվածինը: Թթվածինը մթնոլորտում հայտնվել է շատ ավելի ուշ, երբ Երկրի վրա զարգացել ու տարածվել են բույսերը:
Մարդը Երկրի վրա հայտնվել է շուրջ 1,5–2 մլն տարի առաջ:
Թեպետ մարդն այսօր կարողանում է թռչել Տիեզերք, ուսումնասիրություններ կատարել այնտեղ, սակայն դեռևս չի կարողանում թափանցել Երկրի ներքին շերտերը: Ընդերքի հետազոտությունները կատարում են՝ հիմնվելով երկրաշարժի ալիքների տարածման արագության վրա. իսկ գեյզերների տեսքով մոլեգին շատրվանող տաք աղբյուրներն ակնառու ապացույցն են այն բանի, որ Երկրի խորքն իջնելիս ջերմաստիճանը բարձրանում է:
Ներկայումս տիեզերանավ-արբանյակները մեծ հնարավորություն են տալիս դիտելու մոլորակը հեռվից և կատարելու բազմաթիվ որակյալ լուսանկարներ:
Տիեզերքից դիտելիս Երկիրը բոլորովին նման չէ մյուս մոլորակներին: Այն կապտականաչ գույն ունի` մասամբ շրջապատված պարուրաձև սպիտակ ամպերով, որոնք ձևավորում են Երկրի եղանակը:
Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝
Եվրասիա
Աֆրիկա
Հյուսիսային Ամերիկա
Հարավային Ամերիկա
Անտարկտիդա
Ավստրալիա։
Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն ՀՀ-ում։
Մայրցամաքների ձևավորման էվոլյուցիա
Մոտ 250 մլն. տարի առաջ Երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ սուպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն. տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։
Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է՝ Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը։
Եվրասիա
Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է, կազմված է Եվրոպայից և Ասիայից։ Եվրասիա անվանումը տվել է ավստրիացի երկրաբան Է. Զյուսը 1883 թվականին։ Տարածությունը կղզիների հետ 53.4 միլիոն քառ. կմ։ Ծայրակետերն են՝ հյուսիսիում Չելյուսկին, հարավում Պիայ, արևելքում Դեժնևի, արևմուտքում Ռոկա հրվանդանները։ Եվրասիայի ափերը ողողում են մոլորակի 4 օվկիանոսների ջրերը։ Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, Ավստրալիայից՝ Ավստրալիա-ասիական ծովերով, Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական և Կարմիր ծովերով, Աֆրիկայի հետ կապված է Սուեզի ջրանցքով։ Եվրոպան Ասիայից պայմանականորեն բաժանվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Էմբա գետով, Կասպից ծովով, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերան։
Աֆրիկա
Տարածությունը կղզիների հետ՝ 30 միլիոն 319 հազար քառ. կմ։ Կղզիների տարածքը՝ 1 միլիոն քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 30 հազար 500 կմ; Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 5895 մ (Կիլիմանջարո) Ամենացածր կետը՝ 153 մ (Ասսալ լիճ) Մայրցամաքի ծայրակետերը՝ հյուսիսում Աբյադ, հարավում Ասեղի, արևմուտքում Ալմադի, արևելքում Ռաս Խաֆուն հրվանդաններ։ Խոշոր ծոցերն են՝ Գվինեական և Սիդրա։
Ավստրալիա և Օվկիանիա
Ընդհանուր տարածությունը՝ 8 միլիոն 511 հազար քառ. կմ; Ավստրալիայի տարածքը՝ 7 միլիոն 687 հազ. Քառ. կմ; Ավստրալիայի ափագծի երկարությունը՝ 19 հազար 700 կմ; Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 2230 մ (Կոսցյուշկո լեռ) Ծայրակետերը՝ հյուսիսում Յորքի, հարավում Հարավ-արևելյան, արևելքում Բայրոնի, արևմուտքում Ստիպ-Պոինտի հրվանդաններ; Ամենամեծ գետը՝ Մուրրյ (Դարլինգի հետ) – 3750 կմ;
Ըստ տարածքի մեծության՝ երկրորդ մայրցամաքը Աֆրիկան է: Նրա ափերը ողողում են Հնդկական օվկիանոսը և Ատլանտյան օվկիանոսը: 2 մայրցամաքներ՝ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, միացած են Պանամայի ջրանցքով (մինչև 1914 թ.՝ պարանոց): Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան, իսկ Հարավային Ամերիկայի ափերը՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Անտարկտիդան հինգերորդ մայրցամաքն է: Այն ծածկված է սառցավահանով և Երկրագնդի միակ մայրցամաքն է, որտեղ մշտական բնակիչներ չկան: Ողողվում է այսպես կոչված Հարավային օվկիանոսի (այսպես են պայմանականորեն անվանում Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների՝ Անտարկտիդային հարող` հարավային մասերը) ջրերով: Ամենափոքր մայրցամաքըԱվստրալիան է, որը ողողվում է Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով:
Մայրցամաքներին բնորոշ է երկրակեղևի ամբողջական հաստությունը՝ մինչև 35–45 կմ, և գրանիտային շերտի առկայությունը: Սակայն մայրցամաքները տարբերվում են իրենց բնական պայմանների ինքնատիպությամբ: Օրինակ՝ Աֆրիկան ամենատաքն է, Անտարկտիդան՝ ամենացուրտը, Ավստրալիան՝ ամենաչորայինը:
Մայրցամաքների չափերն ու ուրվագծերն անընդհատ փոփոխվում են: Գիտնականների կարծիքով՝ միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա գոյություն է ունեցել 1 խոշոր մայրցամաք՝ Պանգեյը: Երկրակեղևի տրոհվելու և տեղաշարժվելու հետևանքով այդ մայրցամաքը բաժանվել է 2 մասի՝ Լավրասիա (Հյուսիսային կիսագնդում) և Գոնդվանա (Հարավային կիսագնդում), որոնք իրարից բաժանվում էին Թետիս օվկիանոսով: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ մայրցամաքները մասնատվել են, ինչի հետևանքով Լավրասիայից առանձնացել են Հյուսիսային Ամերիկա և Եվրասիա, իսկ Գոնդվանայից՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքները: Երկրաբանական այդ հեռավոր ժամանակներում կազմավորված մայրցամաքների և օվկիանոսների չափերն ու ափերի գծագրությունը քիչ նմանություն ունեն նրանց ժամանակակից տեսքին: Մեր ժամանակներում էլ մայրցամաքները դանդաղորեն տեղաշարժվում են: Օրինակ՝ միմյանցից աստիճանաբար հեռանում են Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան:
Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր:
Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքները կազմում են մեկ աշխարհամաս՝ Ամերիկան, իսկ Եվրասիա մայրցամաքն ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպան և Ասիան: Նրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Ուրալյան լեռներով, էմբա գետով՝ մինչև Կասպից ծով, Կումա և Մանիչ գետերով՝ մինչև Դոնի գետաբերան, և Սև ու Միջերկրական ծովերով: Իսկ ինչպե՞ս են առաջացել աշխարհամասերի անվանումները: Հին հույներին ծանոթ էր միայն 2 աշխարհամաս. Հունաստանից արևմուտք և արևելք ընկած տարածքներն իրենց աստվածուհիների անունով նրանք կոչեցին՝ Եվրոպա և Ասիա: Հնարավոր է, որ հունական այդ անվանումներն առաջացած լինեն ասորերեն «էրեբ» և «ասու» բառերից, որ նշանակում են արևմուտք և արևելք:
Երբ հին հռոմեացիները նվաճեցին Միջերկրական ծովի հարավային ափերը, այդ տարածքներին տվեցին տեղաբնիկ «աֆարիկ» բերբերական ցեղի անունը: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց Նոր աշխարհը: Իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչին, որը նույնպես նավարկել էր դեպի այդ տարածքներ, առաջինն է ենթադրել, որ դա նոր աշխարհամաս է, և, ի պատիվ նրա, այն կոչվեց Ամերիկա: XVII դարում հոլանդացի ծովագնացները հայտնագործեցին հինգերորդ աշխարհը՝ «Անհայտ հարավային երկիրը», և այն անվանեցին Ավստրալիա (լատիներեն է, նշանակում է հարավային): XIX դարի սկզբին ռուս ծովագնացներ Ֆ. Բելլինսգաուզենը և Մ. Լազարևը հասան «Արկտիկայի դեմ հանդիման ընկած երկիրը», որը հենց այդպես էլ կոչվեց՝ Անտարկտիդա (հունարեն «անտի» և «արկտիկա» բառերից, որ համապատասխանաբար նշանակում են՝ դեմ և հյուսիսային` հյուսիսադեմ):
Աֆրիկա
Տարածքը (ներառյալ կղզիները)՝ 30.257 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 630 հզ. կմ2
Ափագիծը՝ 30,5 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 750 մ
Պետությունների թիվը` 53
Բնակչության ընդհանուր թիվը` 780 մլն
Այս մայրցամաքը/աշխարհամասը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ»  ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:
Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:
XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–73 թթ.) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն:
Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում): Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով: Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են:
Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները:
Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ:
Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը: Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով: Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը:
Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը
անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ): Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա:
Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը` փոքրանում:
Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով
կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը:
Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ:
Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների: Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է:
Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են:
Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր: Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը` վանիլի:
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր: Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները:
Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ ռասայի (սև) բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝  400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները:
Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով:
Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետևԵվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպիտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թ-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը: 1960 թ-ին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թ-ին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ:
Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ: